Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են «Հանցագործությունների քննության կրիմինալիստիկական ապահովումը» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտության գծով տեղակալ, ք․գ․թ Պատվական Ոսկանյանը և Բյուրոյի քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի պետ, ի․գ․թ․, դոցենտ Գևորգ Իսրայելյանը հունիսի 11-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում MIA Educational Complex - ՆԳՆ կրթահամալիր մասնակցել են «Հանցագործությունների քննության կրիմինալիստիկական ապահովումը» թեմայով 9-րդ գիտագործնական միջազգային համաժողովին:
Գիտաժողովի շրջանակներում քննարկվել են հանցագործությունների քննության քրեագիտական ասպեկտին, կրիմինալիստիկական նորագույն լուծումներին՝ այդ թվում արհեստական բանականության օգտագործմամբ մասնագիտական գործողությունների իրականացմանը վերաբերող հարցեր:
Համաժողովին «Հանցագործությունների քննության քրեագիտական (փորձագիտական) ապահովման իրավական հիմքերի հասկացության բնորոշումը և նոր կարգավորումների որոշ խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով զեկույցով է հանդես եկել Բյուրոյի քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի պետ, ի․գ․թ․, դոցենտ Գևորգ Իսրայելյանը։
Հանցագործությունների քննության քրեագիտական ապահովման իրավական հիմքերը Իսրայելյանը բնորոշել է որպես նորմատիվ իրավական ակտերի ամբողջություն՝ բովանդակող այնպիսի իրավական նորմեր, որոնք հնարավորություն են տալիս արդյունավետ, որակյալ, օպտիմալ և ռացիոնալ ձևով հավաքել, ամրագրել, վերցնել, հետազոտել քրեագիտական առումով հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվությունը և այն օգտագործել քրեական վարույթի խնդիրների լուծման համար:
Անդրադառնալով ոլորտամետ իրավական կարգավորումների անհրաժեշտությանը, Իսրայելյանն ընդգծել է «Դատափորձագիտական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մշակման, փորձագիտական կազմակերպությունների, դատափորձագիտական գործունեության իրավական և կազմակերպական հարցերի կարգավորման տեսակետից օրենքի հիմնարար նշանակության մասին՝ միաժամանակ ներկայացնելով նախագծի որոշ դրույթներում առկա խնդրահարույց կարգավորումներն ու օրենսդրական բացերը:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է համագործակցությունը կրթական հաստատությունների հետ, ինչպես նաև մասնակցությունը նմանօրինակ համաժողովներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը։
11 June 2024